Category Archives: Հայրենագիտություն

Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրեր

download

Աժդահակ / Գեղամա լեռներ

Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով: Բացարձակ բարձրությունը 3597, 3 մ է, հարաբերականը՝ մինչև 500 մ։ Գոյացել է  հրաբխային  և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Անվան ծագումը

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ ։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

«Տիգրան և Աժդահակ» վիպերգը

«Տիգրան և Աժդահակ»-ի հիմքում ընկած է ամպրոպային աստծու և վիշապի կռվի առասպելը, որը հայ հին վիպական ավանդության մեջ պատմականացել է, կապվել հայոց Երվանդյան Տիգրան (Ք.ծ.ա. 560–524թթ.) և Արտաշեսյան Տիգրան Մեծ (Ք.ծ.ա. 95–55թթ.) թագավորների անուններին ու արարքներին, Մարաստանի (Միդիա, Մեդիա) տիրակալների հետ ունեցած նրանց հարաբերություններին։ Ամպրոպային բարի աստվածը կամ հերոսն անձնավորվել է հայոց գեղեցիկ, քաջ, խարտյաշ և մազերի ծայրը գանգուր, գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր և արդարադատ Տիգրանի, իսկ ամպրոպային վիշապ-հրեշը՝ մարաց թագավոր չար ու նենգ Աժդահակի կերպարում։

«Տիգրան և Աժդահակ» վիպերգը կառուցվել է այս զույգ կերպարների հակադրության ու պայքարի հիման վրա: Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ․ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը, գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին։

Վիշապաքարեր 

Վիշապաքարեր

Գեղամա լեռների վիշապաքարերը

Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց:Այժմ կանգուն են վիշապաքարերից երկուսը, որոնք գտնվում են Վանքի լճի ափին (Վիշապալիճ):Աժդահակ բարձրանալիս պետք է անպայման տեսնել նաև այդ վիշապաքարերն ու ժայռապատկերները:

downloadԱղկալայի կիկլոպյան ամրոց


Աղկալայի կիկլոպյան ամրոցը, կանգնած է մի խոշոր ժայռաբլուրի վրա և իշխում է շրջապատին։ Նա գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Աղկալա գյուղի արևելյան կողմից, որը ներկայումս միաձուլվել է ամրոցի ավերակների հետ։ Ամրոցը յուր տեսքով ու կառուցվածքով նմանվում է Լճափի ամրոցներին։ Այն նույնպես շրջապատված է բնակավայրի ավերակների մնացորդներով։ Ամրոցի ներսում կան բազմաթիվ կացարաններ, որոնք խիստ նման են Լճափի ամրոցներում եղածներին։ Աղկալայի ամրոցն արևմուտքից արևելք, համարյա իր ամբողջ երկարությամբ, եզերվում է ժայռապատ խրամուղիներով և հարավարևմտյան անկյունում միանում մի այլ նման խրամուղու, որը ձգվում է դեպի հյուսիս։ Խրամուղիների ընդհանուր երկարությունը հասնում է 275 մետրի։ Կան նաև այլ խրամուղիներ, որոնք ձգված են զանազան ուղղություններով։ Սրանք հիմնականում բնական մանր կիրճեր են, մարդիկ վերափոխելով, ծառայեցրել են պաշտպանական նպատակների, ինչպես այդ ակնհայտ է Լճաշենի ամրոցում։ նշված խրամուղիներն ունեն մինչև 5 մետր լայնությամբ բարձր բնական ու արհեստական պատեր։

Աղկալայի ամրոցի դիրքը այնքան հաջող է ու գերիշխող շրջապատի նկատմամբ, որ միջին դարերում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր ամրոց, որի անունով էլ մինչև այժմ այն կոչվում է «Աղկալա» (թուրքերեն` Սպիտակ բերդ), քանի որ ամրոցում կանգուն է մնացել մի բոլորակ, բարձր աշտարակի ավերակ, որը ծեփված է կրաշաղախով։ Գյուղի հասակավոր մարդիկ այն անվանում են Իշխանաց ամրոց։

downloadԿոթավանք

Կոթավանքը վերականգնված հայկական վանական համալիր է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Մարտունուց 5 կմ հեռավորության վրա։ Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը 851-901 թթ: Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ` մեծադիր, մշակված քարերով: Մուտքերն արևմուտքից և հարավից են, ունեցել են պարսպափակ բակ` կառուցված, ըստ արձանագրության, դեռևս եկեղեցուց առաջ: Սա վկայում է, որ մինչև նշված եկեղեցու հիմնարկումն էլ այնտեղ հուշարձան է եղել: Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ: Քանդված են գմբեթը և ծածկերը:

Կոթավանքը միջնադարյան Հայաստանի արժեքավոր հուշարձաններից է, որը ցավոք, մեր օրերն է հասել կիսավեր վիճակում (1982-1986թթ. եկեղեցու վրա կատարվել են վերակառուցման աշխատանքներ, որոնք, սակայն, ավարտին չեն հասցվել)։ Եկեղեցու հորինվածքը Սյունիքի միջնադարյան ճարտարապետության նվաճումներից է։

downloadՀայրավանք

Հայրավանք վանական համալիրը հիմնադրվել է IX-XII դդ: Համալիրը ներառում է տարբեր տարիներին կառուցված շինություններ՝ եկեղեցի, մատուռ և գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս կարող եք տեսնել խցերի և տնտեսական շենքերի ավերակներ։ Եկեղեցու նեղ պատուհաններից ներթափանցող արեգակի շողերը լուսավորում են կառույցը ներսից: Ենթադրվում է, որ ճարտարապետը միտումնավոր է օգտագործել արևի լույսը՝ եկեղեցին ներսից զարդարելու նպատակով։ Վանական համալիրից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը և նրա շրջակայքը։

1.Հայրավանքն ունի ևս մեկ անուն՝ «Մարդաղավնյաց»: Անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու կողմից գրի առած մի ավանդության հետ, որի համաձայն ՝ 1381 թ. Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհաննեսը, Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։
2.Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։ 1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։
3.Հայրավանքը հայկական ճարտարապետության եզակի օրինակներից է. բոլոր խորանների ներքին կլորությունը դրսից հիանալի երևում է: Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան․ արևմտյանը բացվել է ավելի ուշ: 19-րդ դարի 50-ականներին և 70-ականներին այս տարածքում անցկացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են՝ վաղ բրոնզեդարյան սև անոթի բեկոր, Միջին բրոնզի դարին վերաբերող գունազարդ անոթների բեկորներ, ինչպես նաև կավե կուռք, բազմազան անոթներ, սուզակներ, կրակարաններ և այլն։

downloadՆորատուսի գերեզմանոց

Սևանա լճից ոչ շատ հեռու տեղակայված է Նորատուս գյուղը, որտեղ կարելի է տեսնել Նորատուսի խաչքարերը՝ հայկական հին գերեզմանատունը, որը զբաղեցնում է 7 հա տարածք և որտեղ կարելի է տեսնել բազմատեսակ մոտ հազար խաչքար (XIII — XVII դարեր): Նրանցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատուկ փորագրությունը՝ կենդանու պատկեր, տեսարաններ և այլն: Նորատուսի ամենահին խաչքարը մեզ է հասել V դարից:

  1. Գեղարքունիքի մարզում՝ Գավառագետ գետի աջ ափին՝ Գավառ քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք, գտնվում է Նորատուս գյուղը, որը Գեղարքունիքի մարզի ամենահին բնակավայրերից մեկն է, և որտեղ պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ: Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ: Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, հարավ-արևելյան եզրին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատուն: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Գեղարքունիքի իշխան Սահակի կողմից IX դարի վերջին:
    2. Գյուղի հարավային գերեզմանատունը հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով: Տարածքում պահպանվում են հնագույն հուշարձաններ, վաղ խաչքարերի բեկորներ: Խաչքարերի մեծ մասը (XIII-XVII դարեր) հիմնականում խմբավորված են և հանդիսանում են որոշակի ընտանիքի գերեզմանատների մի մաս: Նորատուսի դամբարաններում հայտնաբերվել են բրոնզե գոտիներ, նետեր, թևնոցներ, ուլունքներ, երկաթե դաշույններ, խեցեղեն և այլն:
    3. Ըստ ավանդազրույցի՝ մոնղոլ-թաթարների հերթական հարձակման ժամանակ հարյուրավոր խաչքարեր «զգեստավորում» են զինվորների պես։ Նկատելով այս սարսափելի տեսարանը՝ թշնամին նահանջում է: Դամբարանի տարածքում կար մի փոքր մատուռ, որի շնորհիվ, ըստ մեկ այլ ավանդության, փրկվում է մի ամբողջ գյուղ: Մոնղոլ-թաթարները պայմանավորվում են գյուղի խորհրդի հետ, որ իրենք չեն սպանի բոլոր այն մարդկանց, ովքեր կտեղավորվեն մատուռում: Քանի որ մատուռը գաղտնի ելք ուներ, բոլոր մարդկանց հաջողվեց փրկվել: Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը, մտնելով մատուռ, ապշած է մնում: Նա տեսնում է միայն աղոթող խորհուրդի պատասխանատուին: Վանքի ծառայողներից մեկը բարկացած հրամանատարին բացատրում է, որ ամբոխը, դառնալով աղավնի, դուրս թռավ և ճախրեց հեռավոր սարեր:

Մաշտոցներ

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ (897-898 թթ.)։ Մաշտոցը  ծնվել է 833/4 թվին Եղվարդ գյուղում։ Ուսանել է Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այնուհետև անցել է «Արտավազդա ապարանք» կոչված ավելի խստակրոն անապատը։ Ապա առանձնանալով՝ 862 թ. եկել է Սևանի կղզու հանդիպակաց՝ վերոնշյալ «Մաշտոցներ» լեռներում ճգնելու։ Մի սառնորակ աղբյուրի մոտ շինել է ճգնարան ու այնտեղ երկար ժամանակ ապրել է աղոթալից ու սրբակենցաղ վարքով։ Այստեղից էլ անցել է Սևանի կղզին, հիմնել միաբանություն և Մարիամ թագուհու նվիրատվություններով կառուցել եկեղեցիներ։ Մաշտոց ճգնավորի կառուցած ճգնարանը դարերի ընթացքում ավերվել և դարձյալ վերանորոգվել է։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով 1970-ական թթ.։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ ու նախանձախնդիր հավատացյալների կողմից։ Չնայած հավատացյալների՝ մատուռը որպես հայկական քրիստոնեական սրբավայր պահելու ջանքերին, այն հագեցած է տարբեր տեսակի հայկական ու ոչ հայկական նկարներով, որոնց ժողովուրդն անվանում է սրբապատկերներ, կոտրված ու չօծված խաչերով, թաշկինակներով և այլ ոչ պիտանի իրերով։ Ինչպես Հայաստանում շատ մատուռներ, այս մատուռը ևս կարիք ունի եկեղեցու կողմից վերահսկողության և ուղղադավան, եկեղեցական ավանդական մի շարք բարենորոգումների կամ փոփոխությունների։ Այնքան մեծ են Մաշտոց հայրապետի աղոթքների զորությունն ու բարերար ազդեցությունը հատկապես այստեղ, որ ոչ միայն տեղացիներ, այլև տարբեր վայրերից հավատացյալներ գալիս են խնդրելու սրբի բարեխոսությունը և գոհունակությամբ վերադառնում։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն:

Ամառային արձակուրդ

Ես այս ամառ գնացել եմ Լիբանան:

Լիբանան պաշտոնապես կոչվում Լիբանանի Հանրապետություն պետություն Միջերկրական ծովի արևելյան ափին։ Տարածությունը 10.4 հազար կմ² է, բնակչությունը, որը բաղկացած է քրիստոնյաներից, մուսուլմաններից և փոքրամասնություններից:Գլխավոր քաղաքներն են Բեյրութը (մայրաքաղաք), ՏրիպոլինՍայդանԶահլենՋունիեն և Սուրը։Դրամական միավորը լիբանանյան լիրան է։Բնակչությունը 95%-ը կազմում են արաբները, 4%-ը Հայերը, իսկ մնացյալ ազգերը միասին ընդամենը 1%: